Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
01.10.2014 | 12:27

Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը` բարեկամ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011 թ. իմ պետական այցը Հունաստան: Այսօրինակ փոխայցերը վկայում են, որ մենք ամենաբարձր մակարդակով հանձնառու ենք մեր ժողովուրդների պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա հիմնված երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը:
Նախագահ Պապուլիասի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և փոխգործակցության ընդլայնման ուղիները: Միակարծիք էինք, որ Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով՝ նշանավորվելով նախագահական փոխայցերով, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ: Անշուշտ, առանձին դրվատանքի է արժանի երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Բարձր գնահատեցի, իհարկե, այն փաստը, որ հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում, ինչպես նաև վերապատրաստվում բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում: Եվ ամենևին պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ և հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. մենք 11 տարի Կոսովոյում համատեղ ծառայություն ենք իրականացրել, իրականացրել ենք խաղաղապահ գործողություններ, և այդ գործողությունները բազմիցս և գրավոր, և բանավոր արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին:
Հայ-հունական հարաբերությունների ընդհանուր պատկերում առևտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն: Քիչ անց մենք պարոն նախագահի հետ կբացենք այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը: Հատուկ կարևորում եմ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը, հավատացած եմ, առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի իր հերթական նիստը: Մենք պարոն նախագահի հետ և երեկ, և այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին:
ՈՒրախ եմ, որ նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ևս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաև հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին:
Իհարկե, անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին: Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին:
Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար: Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է:
2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորում: Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնտոսի հույների ժառանգներին: Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես պարոն Նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին: Մենք, անշուշտ, կարծիքներ փոխանակեցինք նաև միջազգային մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ: Որպես երկու հնագույն քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչներ՝ մենք հատկապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ